Անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է. դա այդպես է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի և բոլոր երկրների համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաձայն է ԱԺ նախագահի այն մտքին, թե Հայաստանը Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է այնպես, ինչպես Ադրբեջանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
«Հիմա ի՞նչն է առանձնահատկությունը: Որ տարածաշրջանային անվտանգության որոշակի ընկալում կարող է ձևավորվել, ինչը, իմ կարծիքով լավ է, որովհետև առանձին վերցրած երկրում անվտանգություն չի լինում, ամեն երկիր պետք է ունենա իր ներքին համակարգերը, իր անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության ընկալումը, այդքան ավելի լավ: Ենթադրենք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար խաղաղությունն անվտանգության երաշխի՞ք է, թե՞ երաշխիք չէ: Իհարկե, երաշխիք է: Այդ խաղաղությունն ո՞ւմ միջև է կնքվել. Հայաստանի ու Ադրբեջանի: Ո՞ւմ համար են այդ խաղաղությունը կնքել. իրենք իրենց համար: Բայց, իրենք իրենց համար կնքելով, նշանակում է՝ որոշակի անվտանգության լծակ են ստեղծել նաև դիմացինի համար»,- ասաց նա: