Ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերն ընդգրկող ընդհանրական ծրագիր չի գործում: Այժմ մշակվել է ծրագիր, որը վերաբերում է բոլոր գյուղացիական տնտեսություններին, այսինքն՝ այս ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր զբաղվում են ճագարաբուծությունից, թռչնաբուծությունից մինչև տոհմային անասնապահություն, ավանդական բուսաբուծությունից մինչև ինտենսիվ բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսություն: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 9-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ այս ծրագրի ամենակարևոր կետերից մեկն այն է, որ սա վերաբերում է հատկապես փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք օբյեկտիվորեն շատ մեծ ներդրումներ են իրականացրել տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ: Սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար:
Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար:
«Ծրագրով յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը 1-2 մլն դրամ է, այսինքն՝ նվազագույնը 1 մլն դրամ, առավելագույնը՝ 2 մլն դրամ: Ամբողջ տոկոսադրույքը Կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14 տոկոս: Այսինքն՝ Կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14 տոկոսային կետը:
Այդ ամբողջ տոկոսային կետն էլ Կառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0 տոկոս վարկ կկարողանան ձեռք բերել: Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է: Շատ կարևոր մի կետ էլ կա. վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված ժամկետ ունենք՝ 6 ամիս, այսինքն՝ մեր քաղաքացիները վերցրին 2 մլն դրամ, առաջին 6 ամիս ոչինչ չեն վճարում, տոկոսադրույքները կվճարի պետությունը, բայց իրենք սկսում են մայր գումարը վճարել 6-րդ ամսից:
Ո՞րն է ավելի կարևոր: Կարող են մի քանի անգամ օգտվել այս ծրագրից. առաջին անգամ կարող են օգտվել՝ վերցնելով 1 կամ 1,5 մլն դրամ, երկրորդ անգամ գնալ և լրացուցիչ մասը վերցնել»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ այս ծրագիրը գյուղացիների շրջանում հայտնի է որպես անտոկոս վարկ, այս որոշմամբ անտոկոս վարկի հնարավորություն է ստեղծվում: Վեց ամսվա տրամաբանությունը հետևյալն է. ենթադրենք՝ ապրիլի վերջ-մայիսի սկզբին գյուղացին վարկը վերցրեց, մինչև հոկտեմբեր չի վճարում ոչ մի բան, բայց ենթադրվում է, որ 6 ամսվա ընթացքում պետք է բերք ունենա, եկամուտ ունենա, որից հետո սկսում է վարկը փակել մինչև 3 տարում:
«Սիրելի՛ գյուղացիներ, անտոկոս վարկերի ծրագիրն ենք հաստատում սույն որոշմամբ»,- ասաց նա: