Պակիստանի վարչապետը դիմել է Միացյալ Նահանգներին և Իրանին՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման հույսով։
Պակիստանը խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկու շաբաթով երկարաձգել Իրանին տրված վերջնագիրը, Թեհրանը պետք է այս ժամանակահատվածում բացի Հորմուզի նեղուցը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը X-ի հրապարակման մեջ։
«Մենք նաև կոչ ենք անում բոլոր պատերազմող կողմերին երկու շաբաթվա ընթացքում պահպանել հրադադարը ամենուրեք, որպեսզի դիվանագիտությունը կարողանա վերջնականապես դադարեցնել պատերազմը», - գրել է Շարիֆը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը «Ռոյթերս»-ին ասել է, որ «նախագահը տեղեկացել է առաջարկի մասին, և պատասխան կտրվի»։
Պակիստանը գլխավոր միջնորդն է եղել Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկների քննարկման գործում, սակայն դեռևս փոխզիջման նշաններ չկան` հաղորդում է Reuters-ը։
«Մի ամբողջ քաղաքակրթություն կոչնչանա այսօր գիշեր, և երբեք չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա», - ավելի վաղ գրել էր Թրամփը Truth Social-ում։
«Այնուամենայնիվ, քանի որ տեղի է ունեցել ռեժիմի ամբողջական և լիարժեք փոփոխություն, և այժմ այնտեղ գերիշխում են այլ, ավելի խելացի և պակաս արմատական մտքեր, գուցե ինչ-որ հեղափոխական և հրաշալի բան կարող է տեղի ունենալ։ Ո՞վ գիտի», - հավելել էր նա։