Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած՝ ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերին, որի շրջանակում կա 5 ձերբակալված:
«Ուղերձ եռագլխիկներին» խորագրով տեսանյութում Փաշինյանը խոսքն ուղղում է առաջիկա ընտրություններին քաղաքական հայտ ներկայացրած ընդդիմադիր երեք ուժերին, որոնց առաջնորդներն են Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը:
«Դուք 2026 թվականի հունիսի 7-ին ստանալու եք ՀՀ քաղաքացու պատասխանը, և ՀՀ քաղաքացին, որին դուք թվագրում եք, փաթեթավորում եք, և որոշում եք՝ փողով կարող եք առնել-ծախսել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է և դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք, որ ՀՀ համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլխի կուսակցության երեք գլխիկներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մի խումբ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել: