Եթե այս քաղաքական ուժերը գան իշխանության և անեն այն, ինչ իրենք խոստանում են անել (իսկ իրենք ի՞նչ են խոստանում անել, վերանայել այն խաղաղությունը, որն այսօր կա), եթե իրենք ասում են՝ վերանայում ենք, նշանակում է ավտոմատ հրաժարվել այս խաղաղությունից, իսկ դա էլ նշանակում է ավտոմատ հրաժարվել միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելուց, հրաժարվել սահմանազատման սկզբունքներից, հրաժարվել ապաշրջափակման սկզբունքներից և TRIPP-ի իրագործումից, շարունակել Ղարաբաղյան շարժումը, սա ավտոմատ 100 տոկոսով բերելու է պատերազմի: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հաճախ ասում են՝ դուք վախեցնում եք պատերազմով, սպառնում եք պատերազմով: Ժողովո՛ւրդ ջան, եթե Հայաստանը շարունակի այն քաղաքականությունը, որը հիմա վարում է, պատերազմից վախենալու ընդհանրապես որևէ պատճառ չի լինի»,- ասաց նա:
Ըստ Ռուբինյանի՝ ընդդիմադիր քաղաքական ուժերն ասում են, որ գալու են ու հրաժարվելու են Ալմա Աթայի պայմանագրով միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքից, հրաժարվելու են սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու են ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից և շարունակելու են Ղարաբաղյան շարժումը, իսկ նրանք գալու են ու անելու են այս ամենը, ըստ Ռուբինյանի, քանի որ դրա մասին են վկայում նրանց այսօրվա հայտարարությունները:
«Շատ նորմալ է, որ եթե կա իքս հարց, իքս հարցի շուրջ չկա համաձայնություն, բանակցում է մի Կառավարությունը, ու չեն գալիս լուծման, բանակցում է մյուս Կառավարությունը և այսպես շարունակ:
Հիմա, օրինակ, ասենք, Թուրքիայի հետ հարաբերությունների կարագավորումը 90-ականներից բանակցել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Փաշինյանի օրոք: Նորմալ է, որ բոլորը բանակցում են, որովհետև մինչև այդ կետը բանակցությունները չեն պսակվել հաջողությամբ:
Խնդիր է դառնում բանակցելը, երբ արդեն իսկ համաձայնությունը կա, ու գալիս ասում են՝ հո՛պ, եկեք նորից բանակցենք: Այսինքն՝ երբ կա արդեն խաղաղության վերաբերյալ համաձայնություն, երբ կողմերը ֆիքսել են, որ այդ խաղաղությունը կա, ու երբ դու գալիս, ասում ես՝ մի՛ վայրկյան, էս խաղաղությունն իմ դուրը չի գալիս, եկեք նորից բանակցենք, դա նշանակում է հրաժարվել արդեն ֆիքսածից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քննադատությանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական խաղաղություն է բերել, Ռուբինյանը համաձայն չէ, կարծում է՝ բերել են իրական խաղաղություն:
«Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի, որովհետև պատերազմի և խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից»,- ասաց նա: