Հայաստանի խնդրանքով Վրաստանը և Հայաստանը կապող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։
Գազատարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 1990-ական թվականներին։ «Հաշվի առնելով, որ այս հատվածում անհնար է պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորությամբ կառուցել նոր գազատար»,- նշված է խողովակաշարի տեղափոխման հիմնավորման մեջ։
Գազատարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին։ Վրաստանից եկող խողովակաշարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից՝ վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։