Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:
«Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին
առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը
հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից:
Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։
Սպասվող տեղումներով պայմանավորված՝ մարտի 27-28-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա, Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում՝ զգալի։