Ես չէի ուզի այդ թեմային անդրադառնալ, բայց պետք է ասեմ, որ 2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ ԱԽ-ում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները: Շատ բան չկարողանալով բացել՝ ուզում եմ արձանագրել՝ պնդումները՝ կռվելու և այլնի մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի, ես տոկոսային ճշգրտությամբ կարող եմ գնահատել, բայց առյուծի բաժինը՝ դա կարող է լինել 80, 90 տոկոս, մնացել է ձեռք չտված։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց, և Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն Ղարաբաղում և Հայաստանի ԱԺ-ում շնորհավորում էին իրար: Այդ շնորհավորանքներից ընդամենը մեկ շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։
Եթե 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, չնայած ասել էլ ենք, այդ ժամանակ ԱԺ-ում ՔՊ-ն շատ ակտիվ էր և տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ են լինելու, բայց ի հեճուկս այդ գնահատականների և զգուշացումների՝ մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին՝ տեսեք՝ հիմա ինչ ենք անելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ ենք անելու Հայաստանում: Ես ուզում եմ հաստատել դա, որ այն, ինչ նրանք արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Ընդ որում՝ նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, բառիս բուն իմաստով, փախան Ղարաբաղից, ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ես նույնիսկ հիշում եմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը (այդ ժամանակ ես Բաղրամյան 26-ում էի նստում), նրանք եկել և ինձնից պահանջում էին, որ ես սահմանը բացեմ, ես ասել եմ, որ սահմանը փակ չէ, բնականաբար, բայց նաև ուզում եմ ասել, որ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այդ ժամանակ զգուշացրել եմ, որ եթե դուրս եկաք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,- նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին խոսակցություններին՝ վարչապետն ասաց. «Բավարար է արդեն մեր ժողովրդին սնենք նոր ցեղաասպանությունների մասին տվյալներով, և ընդհանրապես, այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցվի։ Երբ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, և, էլի ասում եմ՝ այդ ամեն ինչը մեկ բանի մասին է. Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի և գաղթականի կարգավիճակով՝ հույս տալով, թե հեսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, հեսա մի օր Սևրի պայմանագիրը կաշխատի:
Մեր քաղաքականությունը և ռազմավարությունը հետևյալն է. մենք պետք է խաղաղվենք, ինչպես ժամանակին Չարենցն է ասել՝ կա Հայաստանի Հանրապետություն, և ուրիշ ոչինչ, ուրեմն տնավորվում ենք ՀՀ-ում, իսկ այդ միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ է, չի եղել նման բան, ես ճիշտ պահի կորոշեմ և թղթերը կհրապարակեմ։ Չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, ընդ որում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի Կառավարության դավաճանություն և դրա ծխածածկույթի ներքո ՀՀ-ում իշխանափոխություն են անելու։ Չկարողացան անել. գիտե՞ք ինչ պատճառով, որովհետև իրենք ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն: Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին, որովհետև չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին [չի ընտրել], Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել: Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել, Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները. դրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես, նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել՝ այդ հարցը պետք է պարզաբանվի: Այս օրերին այդ հարցն է պարզաբանվում: Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք, և Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ իր առաջնորդությամբ Հայաստանին և հայ ժողովրդին ներքաշել է այս ավանտյուրայի մեջ»։