ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը:
Մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Կարապետյանի թեկնածությունը:
Եփրեմ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի մայիսի 14-ին, սովորել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի, ապա՝ մագիստրոսի կոչում:
2019-2020 թթ. ուսանել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամում, ունի փաստաբանի լիցենզիա, որը ներկայումս կասեցված է:
2021-ից առ այսօր հայցորդ է Պետական կառավարման ակադեմիայում:
2019-ի հուլիսի 1-ից մինչև 2020-ի հուլիսի 1-ն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչությունում, որպես փորձագետ:
2020-ի հուլիսի 31-ից մինչև սեպտեմբերի 16-ը եղել է ավագ մասնագետ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունում, ապա նույն վարչությունում աշխատել որպես գլխավոր մասնագետ:
2022-2024 թթ. եղել է բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ: 2024-ի սեպտեմբերի 6-ից առ այսօր նույն վարչության պետն է:
Մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մասին՝ Եփրեմ Կարապետյանը նկատեց՝ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիայի կանխարգելումը ժողովրդավարական պետությունների ամենաբարդ մարտահրավերներից են, իսկ կոռուպցիայի տարածվածությունը՝ հասարակությունների բնականոն գործունեությունը վտանգող ամենամեծ ռիսկերից մեկը:
«Առկա մարտահրավերները հաղթահարելու, կոռուպցիայի դեմ պայքարում երկարատև և անշրջելի հաջողություն գրանցելու տեսանկյունից կարևոր է այդ պայքարն իրականացնել ինստիտուցիոնալ կերպով, հասկանալ կոռուպցիայի ոչ միայն իրավական, այլև սոցիալ-քաղաքական, տնտեսական և հասարակական ծագման հիմքերը»,- ասաց թեկնածուն՝ նշելով, որ այս պայքարի հաջողության մյուս գրավականը քաղաքական կամքի առկայությունն է՝ պետական և ՏԻՄ մարմիններում թափանցիկ, հաշվետու և մարդակենտրոն գործունեությունը, ինչպես նաև այնպիսի գործիքակազմերի առկայությունը, որը կբացահայտի և կկանխի կոռուպցիոն հնարավոր ռիսկերը մարմինների գործունեությունում:
Թեկնածուի խոսքով՝ իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կարող է լավագույնս ծառայեցնել հանրությանը՝ այն ներդնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շարունակական զարգացման և կայացման գործում: