Ասվում է՝ մենք խաղաղություն ենք ունեցել 2020 թվից առաջ: Մենք խաղաղություն չենք ունեցել: Մենք ունեցել ենք սառեցված պատերազմ: Մենք ունեցել ենք պատերազմի հետաձգում: Ինչի՞ հաշվին. մեր ինքնիշխանության, պետականության, անկախության, բարեկեցության, ազատության, մեր զարգացման հաշվին: Այդ մասին Կառավարության՝ մարտի 26-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ 2016 թվականի դրությամբ այդ պատերազմը հետաձգելու բոլոր ռեսուրսներն այլևս սպառված էին:
«Երբ մենք տարիներ առաջ ասում էինք, որ մենք մեր նավը պետք է հասցնենք խաղաղ նավահանգստի, մենք հիմա հասցրել ենք խաղաղ նավահանգստի, ուղղակի մեզ՝ այդ նավի ուղևորներիս, նույնպես պետք է խաղաղվել: Խաղաղվել նշանակում է տնավորվել, բողչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի:
Հակառակ դեպքում, եթե մեր տարածաշրջանում այդ վերադարձի օրակարգի թափանիվը պտտեցինք, տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու: Ու այդ պրոցեսի մեջ գիտենք, թե ով է սովորաբար ամենաշատ տուժողը լինում: Մեծ հանելուկ չկա»,- ասաց նա:
Այս համատքստում Փաշինյանն անդրադարձավ նաև այսօրվա ձեռքբերումներին՝ նշելով, որ այսօրը շատ մեծ պատմական ձեռքբերում է, և որ այդ պատմական ձեռքբերումը չի կարելի զոհել գերտերությունների շահերին:
«Շատ կարևոր է, որ մենք արձանագրենք, որ խաղաղությունը միայն պայմանագիր չէ, խաղաղությունը նաև հոգեվիճակ է, խաղաղությունը սոցիալ հոգեբանություն է, որովհետև երբ մենք հասկանանք, որ տեղ չունենք գնալու, որ հասել ենք այնտեղ, որտեղ առաջիկա 100-ամյակներում և 1000-ամյակներում այս պետության տարածքում մենք և մեր սերունդներն ապրելու ենք, այ, խաղաղությունը դա է: Այդ պահին է գալու խաղաղությունը:
Այս սոցիալ հոգեբանությունն է, որ երաշխավորելու է խաղաղությունը, և սա է պատճառը, որ ես երեկ ԱԺ ամբիոնից ասացի, որ ՀՀ ժողովուրդն է երաշխավորը խաղաղության»,- ասաց նա: