Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝ Արարատ քաղաքի Ս. Շահումյան փողոց, 15 հողամաս հասցեում գտնվող, 31 906 320.20 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով գույքը նվիրաբերել Արարատ համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու և շահագործելու նպատակով: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է 2026-2027թթ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Այն կունենա 8 խումբ և կսպասարկի համայնքի շուրջ 190 երեխաների։
Գործադիրի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գետափնյա 2-րդ փողոց 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման, գործառնական նշանակության 1.52 հա մակերեսով հողամասը նախատեսվում է ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ սպորտային համալիր կառուցելու նպատակով: Կարգավորման նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ, ինչպես նաև սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կլուծվի Լուսակնի միջնակարգ դպրոցի «Մոդուլային» տիպի շենքի կառուցման և Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում առաջացած լրացուցիչ աշխատանքների և համադրված ծավալների համար համաձայնագրեր կնքելու խնդիրը։