Ռասայական խտրականության վերացման միջազգային օրվան նվիրված ՄԱԿ ԳԱ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է մշտական ներկայացուցչությունը։
Ընդգծվել է, որ ռասիզմն ու այլատյացությունը շարունակում են լայնորեն տարածված մնալ՝ խաթարելով ժողովրդավարական ինստիտուտները, խորացնելով անհավասարությունները և սպառնալով խաղաղությանն ու անվտանգությանը։ Մշտական ներակայցուցիչը նաև մտահոգություն է հայտնեց ատելության խոսքի տարածման առնչությամբ, այդ թվում՝ թվային հարթակներում։ Այս համատեքստում շեշտվել է համապարփակ քաղաքականությունների, արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակների և կայուն միջազգային համագործակցության անհրաժեշտությունը։
Դեսպան Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը, ելնելով իր պատմական փորձից, խորապես գիտակցում է ատելության և անհանդուրժողականության կործանարար հետևանքները, երբ դրանք մնում են չհասցեագրված։ Ներկայացնելով ազգային ջանքերը՝ նա ընդգծել է, որ ՀՀ ակտիվորեն աջակցում է համակարգային ռասիզմի հաղթահարմանն ու հաշվետվողականության ամրապնդմանը միտված նախաձեռնություններին՝ միաժամանակ սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային մեխանիզմների հետ։ Շեշտվել է կրթության կարևոր դերը՝ անդրադարձ կատարելով Հայաստանի «Կրթություն հանուն խաղաղության» նախաձեռնությանը։