Նպատակ կա լուծում տալ այն դեպքերին, երբ բազմաբնակարան շենքի ներքո գտնվող հողամասի սեփականության իրավունքը դատական վեճի առարկա լինելու պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ իրենց բնակարանները կամ դրանց նկատմամբ գրանցել իրենց սեփականության իրավունքը: Այդ մասին Ազգային ժողողի՝ մարտի 24-ի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Ըստ նախարարի տեղակալի՝ խոսքը համայնքային կամ պետական շահի առարկա հանդիսացող այն հողամասերի մասին է, որոնց վրա կառուցված է շենք, բայց հողամասի նկատմամբ կա դատական վեճ: Ըստ գործող օրենքի՝ եթե կա դատական վեճ, ապա դա խոչընդոտում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցմանը, նաև անհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, երբ դատարանը որոշի անվավեր ճանաչել կառուցապատողի սեփականության իրավունքը, և հողամասի վրա կառուցված համալիրի բնակարանների ճակատագիրը մնա անորոշ:
«Մեր կողմից առաջարկվող նախագծով այս խնդիրն ենք ուզում լուծել: Նախ սահմանվել է, որ բազմաբնակարան շենքով ծանրաբեռնված հողամասի սեփականության իրավունքի վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցի հիման վրա հարուցված դատական գործի առկայությունը խոչընդոտ չէ անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիր և փոխանցման ակտ կնքելու կամ այլ եղանակով անշարժ գույք օտարելու համար:
Այս դեպքում ձեռքբերողին կփոխանցվի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ հողամասի համապատասխան բաժնեմասի նկատմամբ օրենքի ուժով կծագի ձեռքբերողի օգտագործման իրավունք:
Մինչև դատական գործի ավարտը կառուցապատողի, սեփականատիրոջ և գրավառուի կողմից իրենց իրավունքներն ամբողջ ծավալով իրացնելու նպատակով նախատեսվել է, որ Կառավարությունը կարող է սահմանել հողամասի սխեմա, կոորդինատներ, և այդ սխեմայի սահմաններում ընդգրկված հողամասերի մասով, անկախ գործի ելքից, կերաշխավորվի ձեռքբերողների սեփականության իրավունքի գրանցում:
Որպեսզի ձեռքբերողի համար հստակ լինի իրավական ընթացակարգը, նախագծի կարգավորումներով սահմանվել է, որ ձեռքբերողը տեղեկացվում է դատական գործի առկայության և իրեն փոխանցվող գույքի կազմի մասին, որի կապակցությամբ էլ կատարվում է համապատասխան նշում գույքի օտարման հիմք հանդիսացող փաստաթղթում»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ հողամասի նկատմամբ ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցումն այս դեպքում կիրականացվի առանց լրացուցիչ պետական տուրքի գանձման: