ՀՀ-ն երբեք չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի տարածքային պահանջներ իր հարևանների նկատմամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքին, թե հիմա տարածաշրջանում լարված իրավիճակ է, պարզ չէ՝ առաջիկայում ինչ կարգեր կհաստատվեն, և եթե լինի հնարավորություն ու առիթ, պետք է օգտվել դրանից:
Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվել էր՝ եթե լինի հնարավորություն և առիթ, չպե՞տք է օգտվել դրանից, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ միանշանակ ո՛չ, երբեք, ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի պարագայում:
«Շատ վատ բան է, անթույլատրելի բան է ասում, խայտառակ բան է ասում, ու դրա համար վաղը, մյուսը օրը իր խոսույթի համար այստեղ չի հայտնվելու: Իր երեխանե՞րն են գնալու՝ կռվեն: Կամ ի՞նչ է՝ դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից կամ որևիցե մեկի՞ց:
Ո՛չ, մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին: Հավերժ թշնամությո՞ւն… Ի՞նչ դիվանագիտություն: Լսեք, հորով-մորով արե՞ց ՀՀ-ն 10 տարի իր իշխանության օրոք, թե՞ ինքը հարստացավ: ՀՀ-ն 29,743 քառակուսի կիլոմետր շենացրե՞ց, վերականգնե՞ց, ուժեղացրե՞ց, թե՞ «գույք՝ պարտքի դիմաց» տվեց… և Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի: Հիմա էլ պիտի…
Ինքը նման բա՞ն է ասել: Հավատս չի գալիս: Խայտառակություն է, անընդունելի է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, թե այս խոսույթը Հայաստանի վերջի մասին է: