Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ջորջթաունի համալսարանի մի խումբ ուսանողների հետ, ներկայացրել ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Մարտի 23-ին կայացած հանդիպման շրջանակում դեսպան Մկրտչյանն անդրադարձել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախաձեռնությանը՝ ընդգծելով հաղորդակցության, առևտրի և փոխկապակցվածության նոր ուղիների զարգացման կարևորությունը։ Վերջինս մանրամասներ է ներկայացրել ՀՀ–ԱՄՆ երկկողմ հուշագրերի և դրանց գործնական նշանակության մասին, անդրադարձել նաև համագործակցության հնարավորություններին՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկայի, կարողությունների զարգացման ոլորտներում։
Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, հայ համայնքին, արհեստական բանականության կիրառման հեռանկարներին և այլ հարցերի։