ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է խարդախությունների դեմ պայքարի համաշխարհային գագաթնաժողովին։
Քննարկվել են խարդախությունների դրսևորման արդի մեթոդները, դրանց դեմ մղվող պայքարի արդյունավետ մեխանիզմները, ընդգծվել է միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարևորվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Գագաթնաժողովին պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում խարդախության դեպքերի ընդհանուր պատկերը, իրավապահ համակարգի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն ու ոլորտի բարեփոխումների հեռանկարը:
Ավարտին վերահաստատվել է միջազգային գործընկերների հետ ջանքերը մեկտեղելու պատրաստակամությունը՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: