Խոսքն արտաքին տնտեսական գործունեության կենտրոն ստեղծելու մասին է: Ներկայում մաքսային գործառույթները կատարվում են որոշակի տարանջատման սկզբունքով՝ հայտարարագրումները, ձևակերպումներն ու փաստաթղթային հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ փաստացի զննումներն իրականացվում են առանձին տերմինալներում: Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա մեկ համակարգում մեկտեղել ոչ միայն մաքսային, այլև բոլոր մարմինները, որոնց գործառույթները կապված են ապրանքների արտահանման և ներմուծման հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական անձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին: Հայաստանին կտրամադրվեն 39 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ, ինչպես նաև 6 մլն եվրոյի չափով դրամաշնորհ՝ Եվրամիությունից: Կլինի նաև համաֆինանսավորում ՀՀ Կառավարության կողմից: Վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 1 տոկոս մարժա: Մայր գումարի մարումները սկսվելու են 4 տարի անց:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնը:
Զեկուցողը նշել է, որ ծրագրի իրականացման պայմաններում կկառուցվեն բավականին մեծ պահեստային զննման և բեռնաթափման մասնաշենք՝ մոտ 9000 քմ տարածքով, ավտոկայանատեղի՝ 408 ավտոմեքենային համար, երկհարկանի լաբորատորիա, ճառագայթային զննման սարքի հարթակ, կարգո և հավաքական բեռների զննման մասնաշենք ու նմանատիպ այլ շինություններ:
Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ԱՏԳ մասնակիցներին մատուցել բարձրակարգ ծառայություններ և ապահովել մաքսային հսկողության համար անհրաժեշտ արդյունավետություն:
Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ ԱՏԳ կենտրոնը տեղակայվելու է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում՝ մոտ Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարվա երկրորդ կեսին:
Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարևորել է Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծումը՝ նշելով, որ այն հնարավորություն կընձեռի ավելացնելու հոսքերը Հայաստանի տարածքով: Նա նշել է, որ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա տնտեսավարողներին ծառայություններ մատուցել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ մարտի 23-ի արտահերթ նիստում: