Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը մասնակցել է Օդերևութաբանության համաշխարհային օրվան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի և օդերևութաբանի մասնագիտական օրերին նվիրված հանդիսավոր նիստին:
Իր խոսքում Հովհաննես Մարտիրոսյանը կարևորել է օդերևութաբանական ծառայությունների դերը շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմման և հանրության անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ եղանակային ճշգրիտ կանխատեսումները և տվյալների մշտադիտարկումն առանցքային հիմք են ինչպես պետական կառավարման, այնպես էլ տնտեսության տարբեր ոլորտների համար։
Մարտիրոսյանը նաև նշել է, որ տեսչական մարմնի շարունակական համագործակցությունը համապատասխան կառույցների հետ նպաստում է վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ու կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտի արդիական խնդիրներ, ամփոփվել են 2025 թվականի գործունեության հիմնական արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են առաջիկա ծրագրերն ու համագործակցության նոր հնարավորությունները։
Հանդիսավոր նիստի ավարտին Մարտիրոսյանը շնորհակալագիր է հանձնել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանին՝ բարձր գնահատելով նրա նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը հիդրոօդերևութաբանական և մոնիթորինգի համակարգերի զարգացման գործում։