Փրկարար ծառայությունը հանրապետության 159 կրթական հաստատությունում ուսումնավարժություններ է անցկացրել։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, ավելացնելով, որ քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է:
Համակարգի շարունակական զարգացման համատեքստում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումներ: Քաղպաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում հանրապետության կրթական հաստատություններում անցկացվել են բաց դասեր և ուսումնավարժություններ։
ՓԾ տարածած հաղորդագրությունում նշված է, որ քաղաքացիական պաշտպանության ամուր համակարգի ապահովման, հանրային անվտանգության մշակույթի ձևավորման գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը: