2025 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 886 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 307 մլդր դրամով կամ 11.9 տոկոսով, իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի է 2.3 անգամ կամ մեկ տրլն 649 մլրդ դրամով: Ապահովվել է Կառավարության ճշտված ծրագրի 101 տոկոսով կատարողական՝ նախորդ տարվա համեմատ արձանագրելով 5.5 տոկոսային կետով բարելավում: Ընդհանուրի մեջ հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են 2 տրլն 725 մլրդ դրամ՝ ապահովելով ճշտված ծրագրի 100 տոկոս կատարողական և 7.6 տոկոսային կետով բարելավում նախորդ տարվա համեմատ:
Ֆինանսվարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է կատարված աշխատանքն ու փաստել, որ հաշվետու տարում պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը նախորդ տարվա համեմատ գրանցել են շուրջ 14 տոկոս աճ կամ հավելյալ 334 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի համեմատ գրանցել շուրջ 2.4 անգամ աճ կամ հավելյալ մեկ տրլն 567 մլրդ դրամի եկամուտ: 2025 թվականին պետական բյուջեի ծախսերը կազմել են 3 տրլն 305 մլրդ դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 11.8 տոկոսով կամ 350 մլրդ դրամով, իսկ 2017 թվականի համեմատ աճելով շուրջ 2.2 անգամ կամ 1 տրլն 800 մլրդ դրամով: Ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 95.8 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով շուրջ 2 տոկոսային կետով: 2025 թվականին Կառավարության ծրագրային նպատակներն իրագործելու կարևոր գրավականներից մեկը շարունակել է մնալ կապիտալ ծախսերի զգալի աճը: Նախորդ տարվա համեմատ կապիտալ ծախսերն ավելացել են 144.8 մլրդ դրամով կամ 26 տոկոսով՝ կազմելով ավելի քան 702 մլրդ դրամ:
2025 թվականին կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 83.6 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 4.9 տոկոսային կետով: Հաշվետու տարվա ընթացքում շարունակել են աճել տնտեսական և սոցիալական ոլորտներում կատարված կապիտալ ծախսերը՝ կազմելով շուրջ 255 մլրդ դրամ՝ 2024 թվականի նկատմամբ արձանագրելով արդեն 35 տոկոս աճ:
Վերջին տարիներին արձանագրված բարձր աճի արդյունքում տնտեսական և սոցիալական ոլորտներում 2025 թվականի ընթացքում կապիտալ ծախսերի մակարդակը, ներառյալ սուբվենցիայի մասը, 2018 թվականի համեմատ ավելի քան եռապատկվել է, իսկ 2017 թվականի համեմատ ավելացել է 2.9 անգամ: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է այս տարվա արդյունքներով 47.3 տոկոս՝ պահպանելով հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50 տոկոսից ցածր մակարդակ և նվազել է նախորդ տարվա համեմատ 0.7 տոկոսային կետով:
Հաշվետու տարվա ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխատու միջոցներով ֆինանսավորման 67.7 տոկոսը: Սրա հետևանքով 2025 թվականի տարեվերջի դրությամբ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52.9 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2 տոկոսով:
Նախարարը մանրամասներ է ներկայացրել նաև հանրային ֆինանսների կառավարման ոլորտում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Նշվել է, որ շարունակվում են թվայնացման գործընթացները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել վարչարարության գործընթացում իրականացվող քայլերի մասին՝ նշելով, որ վարչարարության արդունավետության որոշակի բարձրացում է արձանագրվել: