ՄԱԶԾ կողմից, Երևանում Բրիտանական դեսպանության ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով։
Մարտի 23-ին` Օդերևութաբանության համաշխարհային օրվան ընդառաջ, կայացավ շարժական լաբորատորիայի ամենագնաց մեքենայի հանձնման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի Գործերի ժամանակավոր հանձնակատար և հյուպատոս Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը։
Լևոն Ազիզյանն իր խոսքում նշեց, որ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ժամանակակից շարժական լաբորատորիայով համալրումը կարևոր քայլ է համակարգի արդիականացման ճանապարհին։ Վերջին տարիներին օդի որակի մոնիթորինգի համակարգը Հայաստանում ակտիվորեն զարգանում է՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Դեռևս 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի զարգացման հայեցակարգի հիման վրա Կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել երկու ժամանակակից ավտոմատ դիտակայան, ևս մեկը նախատեսվում է ձեռք բերել 2026 թ-ի ընթացքում։
Շարժական լաբորատորիան կհամալրի մոնիթորինգի ստացիոնար կայանների աշխատանքը՝ էականորեն ընդլայնելով ՊՈԱԿ-ի՝ օդի որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունները։ Այն հնարավորություն կտա իրականացնել տեղում օդի որակի չափումներ, բացահայտել աղտոտման թեժ կետերը, առավել խորությամբ հասկանալ արտանետումների աղբյուրները։
Ծրագիրը ներառել է նաև կարողությունների զարգացման բաղադրիչ։ Մարտի 19-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 18 մասնագետ մասնակցել է տեխնիկական վերապատրաստման՝ ապահովելու նոր շարժական լաբորատորիայի արդյունավետ շահագործումը։