Շիա արմատական «Հըզբոլլահ» շարժումն Իսրայելի դեմ պատերազմի ժամանակ գտնվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարության ներքո՝ հայտարարել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «ԻՀՊԿ-ն այստեղ է և, ցավոք, ղեկավարում է Լիբանանում ռազմական գործողությունը: Այս մարդիկ կեղծ անձնագրեր ունեն և անօրինական ճանապարհով են մուտք գործել երկիր»,- ընդգծել է Սալամը:
Լիբանանի վարչապետն ԻՀՊԿ-ին նաև մեղադրել է մարտի սկզբին Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի ռազմաբազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքով հարձակման համար՝ պնդելով, որ այն իրականացրել է Կորպուսը: ԵՄ-ի անդամ կղզու իշխանություններն ավելի վաղ պնդում էին, որ սարքն արձակել է «Հըզբոլլահը»՝ Լիբանանից:
Սալամը շիա խմբավորմանը կրկին մեղադրել է Լիբանանն Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու համար՝ Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելով:
Լիբանանի կառավարությունը մարտի 2-ին որոշում է ընդունել երկրում արգելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցանկացած գործունեություն: Բացի այդ, Բեյրութը կոչ է արել «Հըզբոլլահի» անդամներին զենքը կամավոր հանձնել պետությանը: