ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստին։
Նիստին ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, կենտրոնի վարչության համանախագահ Վյաչեսլավ Բուտկոն։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենտրոնի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Մասնավորապես, հստակեցվել է ՆԳՆ Փրկարար ծառայությանը մշտական օգտագործման համար անհատույց տրամադրվող արձագանքման բաղադրիչ հանդիսացող փրկարարական սարքավորումների ցանկը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Կողմերն ընդգծել են, որ իրականացվող միջոցառումները միտված են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը և արտակարգ իրավիճակներին արագ ու արդյունավետ արձագանքման կարողությունների բարձրացմանը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կամավորական կազմակերպությունների հետ փոխգործակցության ամրապնդմանը։
Պատվիրակությունների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ընդունված որոշումները կնպաստեն ընթացիկ տարում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կայուն և արդյունավետ գործունեությանը։
Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը ծանոթացել է նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործունեությանը։ Բացի այդ, ՌԴ ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների իրականացման կենտրոնում և Պետական հակահրդեհային ծառայության ակադեմիայում ներկայացվել են մասնագետների պատրաստման և փրկարարական աշխատանքների կազմակերպման առաջատար փորձն ու մեթոդական մոտեցումները։

