Մեր օրերում այնպիսի բաներ են հնարավոր դառնում, որոնց մասին նախորդիվ նույնիսկ ամենալուրջ փորձագետները ամենամեծ թերահավատությամբ կարող է խոսեին: Չեմ վերցնի ինձ վրա պատասխանատվություն՝ ասելու, թե ինչքանով է հնարավոր Ադրբեջան-Իրան առճակատում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակի համատեքստում Ադրբեջան-Իրան հնարավոր առճակատմանը:
«Ես կարող եմ ուրիշ բան ասել՝ որպես ՀՀ ԱԳ նախարար. ՀՀ-ն, մենք, ես շահագրգռված ենք ՀՀ-ի շուրջ խաղաղության լիակատար պահպանմամբ: Նույն մեր եղբայրական Իրանի ժողովրդի պարագայում էլ ցավում ենք և՛ մահերը, և՛ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածները, և՛ նրանց հարևան արաբ ժողովուրդներն ու պետություններն են մեր բարեկամ ժողովուրդները: Այսինքն՝ մենք ուզում ենք, կողմ ենք նրան, որ րոպե առաջ խաղաղություն հաստատվի իրենց մոտ: Մեր շուրջ եղած խաղաղության պահպանմամբ շահագրգիռ ենք տասնապատիկ և ավելի»,- ասաց նա:
Լրագրողը հետաքրքրվեց՝ TRIPP-ի մասով գործընթացը կանգնա՞ծ է՝ հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱՄՆ-ի համար TRIPP-ն այս պահին առաջնահերթություն չէ, ըստ այդմ՝ եթե ԱՄՆ-Իրան լարվածությունը շարունակվի, հնարավո՞ր է՝ TRIPP-ը չիրագործվի:
Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ TRIPP-ի շուրջ բանակցությունները բնականոն ընթացքի մեջ են. «Վստահեցնում եմ՝ TRIPP-ի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ բանակցությունները չեն դանդաղել և գտնվում են բնականոն ընթացքում:
Քիչ առաջ էլ ասացի, որ առաջին քայլն օգոստոսի 8-ին հայտարարվեց, երկրորդ քայլը՝ բանակցեցինք, բանակցեցինք և հունվարի 14-ին ծավալուն փաստաթուղթ համաձայնեցրինք, իրականացման շրջանակը հրապարակեցինք, հիմա հաջորդ քայլը պետք է լինի միջկառավարական համաձայնագրի կնքումը, այնտեղ իրավական մեխանիզմները կնախատեսվեն:
Հետևաբար TRIPP-ի շուրջ աշխատանքներն այս վայրկյանին փաստաթղթի շուրջ աշխատանքներ են, դրանք ընթանում են: Երբ հնարավոր կլինի, կհասնենք գետնի վրա աշխատանքներին»,- ասաց նա: