Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրեց՝ մի քանի ամիս առաջ վարչապետը հայտարարեց երկաթուղու կառավարման նոր մոդելի մասին, ապա հետաքրքրվեց՝ կա՞ նորություն այս առումով, որևէ պետություն հանձն առե՞լ է կամ առաջարկե՞լ է, որ կառավարի երկաթուղին, ՌԴ-ն արդեն վերջնականացրե՞լ է իր դիրքորոշումը, պատրա՞ստ է կառավարումից հրաժարվել:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պարզաբանեց. «Վարչապետն ասաց, որ այդ փաստի բերումով հայաստանյան երկաթուղիները զրկվում են մրցակցայնությունից, և առանձին երկրներ, որոնք չեն ուզում որևէ կերպ գործ ունենալ Ռուսաստանի կամ նրա կողմից որևէ կերպ կառավարվող ակտիվների, նախագծերի հետ, ուզում են շրջանցել Հայաստանը: Դե սա փաստ է, և որևէ մեկն առանձնապես չի էլ թաքցնում, նույն այդ երկրներն էլ, որոնք ուզում են շրջանցել:
Հիմա մենք ուզում ենք, որ Հայաստանը չշրջանցվի, և ՀՀ երկաթուղիները մոդեռնիզացվեն, ուզում ենք, որ ՀՀ երկաթուղիներն առնվազն (քիչ առաջ Գյումրի-Կարսից էինք խոսում, ֆիզիկապես պակասող այդ 2 կիլոմետրը կամ ինչքան է...) կապվի մի կողմից Թուրքիայի երկաթուղիների հետ, մյուս կողմից՝ նաև Երասխ, Նախիջևան, ամենահարավն էլ քննարկեցինք՝ TRIPP:
Հիմա այդ կառավարող ընկերությունը և երկիրը, որին պատկանում է ընկերությունը, պետք է դիրքավորվի հարցի շուրջ: Եթե կառուցում են, մոդեռնիզացնում են, մի իրողություն է, եթե հրաժարվում են, մի իրողություն է: Պետք է մտածենք այլ լուծումների մասին: Ինձ վերջնական դիրքորոշում հայտնի չէ»,- ասաց նա: