48-ամյա սոցիալիստ Էմանուել Գրեգուարը, որը առաջադրվել է ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի կողմից, կդառնա Փարիզի նոր քաղաքապետը։ Այս մասին մարտի 22-ին, ուշ երեկոյան հայտնել է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով համայնքային ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին։ Գրեգուարը հաղթել է մշակույթի նախկին նախարար, աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ռաշիդա Դաթիին, որը սեպտեմբերին պետք է պատասխան տա կոռուպցիայի գործով, հիշեցնում Է գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրան աջակցում են ֆրանսիական իշխանությունները, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակայնորեն հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները, որ ինքն անձամբ է հանդես եկել նրա օգտին:
Ինչպես նշում Է AFP-ն, Գրեգուարը երկար ժամանակ եղել է Փարիզի նախորդ քաղաքապետ Անն Իդալգոյի «աջ ձեռքը» և մտադիր է շարունակել նրա քաղաքականությունը, որը կենտրոնացած է կլիմայի պաշտպանության ու հեծանվային երթևեկության զարգացման վրա: Բացի դրանից, նա նախատեսում է դատարկ գրասենյակային տարածքները վերածել սոցիալական բնակարանների։
Ձախ ուժերի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարսելի գործող քաղաքապետ Բենուա Պայանը, ապահովել է իր վերընտրությունը Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ հաղթելով աջ պոպուլիստական թեկնածու Ֆրանկ Ալիզիոյին:
Համայնքային ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելլան այն անվանել է իր կուսակցության «պատմության մեջ ամենամեծ առաջընթացը»: Նրա խոսքով՝ երկրի աջ ուժերը «գրավել են մի քանի տասնյակ քաղաք»։ Իսկ ամենամեծ հաղթանակը, հավանաբար, կլինի Նիսը՝ երկրի մեծությամբ հինգերորդ քաղաքը։
Ֆրանսիայի 35000 համայնքի մեծ մասում ընտրության արդյունքը որոշվել էր առաջին փուլում։ Երկրորդ փուլի քվեարկություն տեղի է ունեցել մոտ 1600 համայնքում, հիմնականում երկրի խոշոր քաղաքներում։