Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ ընդդիմության ռազմատենչ կեցվածքը իշխանության գալու դեպքում հանգեցնելու է պատերազմի:
Նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի անունից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ ռուսահայ գործարարը խոսում է իշխանության հասնելու դեպքում մեծ թվով դրոններ ձեռք բերելու մասին:
«Դժվար է հիմա ասել՝ Սամվել Կարապետյանը ինչ-որ բան է հայտարարել: Ես հիմա պետք է հասկանամ՝ մենք գործ ունենք արհեստական բանականությա՞ն, թե՞ իրական մարդու հետ»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
«Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն, բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում, և հասարակությունն այնուամենայնիվ նաև ԱԲ-ին առերեսվում է, գուցե պետք է լուրջ վերաբերվի, որովհետև մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ, ոչ թե իրական, բնականաբար, պետք է վիրտուալ մարդկանց մասին խոսենք՝ հաշվի առնելով, որ երեկ նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք, մեղմ ասած, հարիր չեն քաղաքական ուժին՝ կախաղանների, այլ պատկերներով, ինչ-որ արհեստական բանականությամբ ձևավորած «ուժեղ» մարդկանց կերպարով, ես ընդամենը կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից»,- նշեց նախարարը:
«Նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հարց տա և հասարակությանը պարզաբանի, որ մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով: Մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չի ծառայել, պիտի պարզաբանում տա, նոր խոսի անվտանգությունից: Երբ կպարզաբանեն՝ ինչու չեն ծառայել, ՀՀ քաղաքացի լինելով, մարդիկ փախած են: Նույն Սամվել Կարապետյանի տղաները ո՞ւր են եղել մինչև 27 տարեկան: Փաստ է, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել, մինչև 27 տարեկան եղել են ՀՀ քաղաքացի, բայց չեն ծառայել ՀՀ բանակում»,- ասաց Սուրեն Պապիկյանը: