Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար, ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրերս ՆԳՆ-ն դիմել էր ՔԿ-ին Արտաքին հետախուզության ծառայության ներկայացրած տվյալների մասով, ըստ որի՝ օտար պետություններում հայերին ճնշում են՝ ընտրություններին մասնակցություն ունենալու հետ կապված:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ միայն Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությո՞ւնն է հայտնի, թե՞ ՆԳՆ-ն այլ տեղեկություններ էլ ունի:
«Եթե կարդաք ՔԿ հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով՝ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված թե՛ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսը կազմակերպելու մասով»,- պարզաբանեց նախարարը:
Հարցին՝ ո՞ր երկրի մասին է խոսքը, նախարարը նշեց. «Այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող: Խնդրում եմ հետևել ՔԿ հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից: Մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականացվում, ՔԿ-ն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»:
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն էր տարածել, որ, այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով նրան, որ ՀՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնեն։
Նույն օրը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել էր, որ Արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության հիման վրա հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե, որն իր հերթին քրեական վարույթ է նախաձեռնել: