Մենք այսօր Ադրբեջանի հետ հաստատել ենք խաղաղություն, և մենք չենք կարող կայացնել որոշումներ, որոնք հաստատված խաղաղությունը կխարխլեն, կփլուզեն, մեզ կվերադարձնեն կոնֆլիկտի տրամաբանության մեջ: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մեզ թույլ չենք տա ձեզ ՀՀ-ում պահել (հազար ներողություն բառի համար) պատանդի կարգավիճակում»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ ծնունդով Իջևանից է, իսկ Իջևանի շրջանի բնակչության մի շատ զգալի տոկոսը 200 տարի առաջ Ղարաբաղից է եկել: Նրանք այժմ ունեն ՀՀ քաղաքացիություն ու չնայած ունեն հիշողություն, բայց ապրում ու տնավորվել են Հայաստանում:
«Կարծում եմ՝ ամենակարևոր բանը, որ ՀՀ-ն պետք է անի ձեր նկատմամբ, ազնիվ, ուղիղ, շիտակ մոտեցումն է: Եվ ես նաև ուզում եմ ասել, որ հետահայաց մտածում եմ մեր անցած պատմության մասին, և ես ձեր մասին հետահայաց մտածում եմ, որ ՀՀ-ն ունեցել է անկեղծության և ազնվության պակաս, որովհետև ես նոր ասում էի՝ չենք ուզում ձեզ ՀՀ-ում պահել պատանդի կարգավիճակում, և պետք է խոստովանենք, որ ինչ-որ իմաստով, ինչ-որ տրամաբանությամբ, ինչ-որ դիտանկյունից երկար ժամանակ մենք ձեզ Ղարաբաղում ենք պահել պատանդի կարգավիճակում:
Ամենաբարդ բանը մարդու համար անորոշությունն է, թե ինչ է լինելու վաղը: Այն մարդը, որը չգիտի, լավ չի պատկերացնում, թե ինչ է լինելու վաղը, ամենածանր բանն է, և դուք, կարծում եմ, ամենալավը գիտեք, թե դա ինչ է նշանակում:
Մենք դեգերումներին պետք է վերջ տանք: Մենք պանդխտությանը պետք է վերջ տանք: Մենք ունենք դուք (ձեզ նկատի ունի - խմբ.), դուք ունեք պետություն, և այդ պետությունը ՀՀ-ն է: Մեր այսօրվա ամբողջ ռազմավարությունը հիմնվում է դրա վրա, որ դուք տնավորվեք ՀՀ-ում բառի և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական իմաստով, և մենք իրար հետ մեր այս պետությունը, որը մեծ բարեբախտություն է մեզ համար, հայ ժողովրդի համար, այս պետությունն իրար հետ դարձնենք ավելի բարեկեցիկ, ավելի ապահով, ավելի անվտանգ, և ի վերջո կարողանանք (մենք այսօր էլ իմ գնահատմամբ կարողացել ենք) գոյատևման տրամաբանությունից դուրս գալ զարգացման և բարեկեցության տրամաբանություն, խաղաղության տրամաբանություն: Կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք հենց այդ խնդիրների լուծման վրա»,- ասաց նա: