Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է արձագանքել իր հասցեին ուղղված բոլոր սպառնալիքներին և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, որպեսզի չներքաշվի Իրանի շուրջ ծավալվող հակամարտության մեջ։ Նա այդ հայտարարությունն արել է Ստամբուլում՝ Ռամադան ամսվա ավանդական իֆթարի ժամանակ։
«Մենք ձեռնարկում ենք անվտանգության անհրաժեշտ միջոցներ` մեր օդային տարածքի խախտման ցանկացած սպառնալիքի դեպքում, ինչպես տեղի ունեցավ նախօրեին երեկոյան»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ անդրադառնալով Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի երկնքում խոցված հրթիռի միջադեպին։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի հիմնական նպատակն է պաշտպանել երկիրը հակամարտության տարածումից։ «Մեր գլխավոր խնդիրը մեր երկիրն այս կրակոտ թակարդից հեռու պահելն է»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Անկարան ուսումնասիրում է իրավիճակի զարգացման բոլոր հնարավոր սցենարները և մանրամասն վերլուծում իրադարձությունները։ «Մեր ջանքերը կենտրոնացած են ոչ միայն տեսանելի զարգացումների, այլ նաև կուլիսներում տեղի ունեցող գործընթացների վրա։ Մենք որևէ սցենար չենք բացառում և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում ենք։ Միաժամանակ, երկրի անվտանգության ամրապնդմանը զուգահեռ, երկխոսության և դիվանագիտության միջոցով փորձում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի մեր տարածաշրջան»,- ասել է Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը
հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ուժերը Միջերկրական ծովում խոցել են Իրանից արձակված հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Նշվում է, որ մարտի 4-ից ի վեր սա նմանատիպ արդեն երրորդ միջադեպն է։