Պատիվ է պատմել, որ այս ամբիոնից իմ ունեցած նախորդ ելույթից ի վեր, որը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին էր, Հայաստանում և ընդհանրապես Հարավային Կովկասում այնպիսի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հարյուրամյա նշանակություն ունեն, եթե չասեմ՝ հազարամյա: Այդ մասին Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջինը, ըստ վարչապետի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է, որը հաստատվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որպես վկա՝ հռչակագիրը ստորագրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը: Փաշինյանը նաև նշեց, որ Վաշինգտոնի հռչակագրում լուծում է ստացել տարածաշրջանի կապուղիների բացման հարցը, ընթերցեց այդ մասով առանձնացված կետերը, ապա հայտարարեց՝ TRIPP-ն իրականացման փուլում է, առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր, և նախագծի գործնական մեկնարկը կտրվի:
«Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից բխող այս ծրագիրը տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի արևելքից արևմուտք և հակառակ ուղությամբ, հարավից հյուսիս և հակառակ ուղությամբ հաղորդակցության համար, ինչը նույնպես դարակազմիկ փոփոխություն է»,- ասաց նա:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Իրանում ծավալվող իրադարձություններին:
«Իմ ներկայացրած դրական պատկերը, անշուշտ, մթագնվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում հենց մեր հարևանությամբ՝ ԻԻՀ-ում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:
Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը, ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսաք, ԱՄԷ-ն, Կատարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են: Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել:
Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում: Առավել ևս միջազգային այսպիսի մասշտաբային ճգնաժամի ֆոնին՝ մենք փոքր, համեստ պետություն ենք, և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ասաց նա: