2026 թվականի բյուջեն պլանավորելիս նախատեսել էինք, որ 2025-ին պլանավորածից 30 միլիարդով քիչ եկամուտ ենք հավաքելու: Այդ մասին Կառավարության՝ մարտի 5-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, երբ գործադիրը քննարկում էր կենսաթոշակների բարձրացման և դրան հատկացվելիք միջոցների հարցը:
«Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, և դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ կունենանք առնվազն 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով:
Ունենք նաև պահուստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար: Այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորել»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ մեր խնդիրն է, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա: Փաշինյանը նկատեց՝ առանց մանրամասն փորձագիտական քննարկումների է նման բան հայտարարում՝ հաշվի առնելով այն, որ հիմա ռեզերվ ունեն:
«Խնդիրը հետևյալն է. որ մեր թոշակն այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի: Սա պատմական փոփոխություն է:
Իմ ասածն այն է, որ պատմական փոփոխությունն ունի երկու առանձնահատկություն. առաջինը՝ երբ դրան հասնում ես, շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա գնում, հետ է գլորվում դեպի նախնական վիճակ:
Դա վերաբերում է ամեն ինչին. դա վերաբերում է խաղաղությանը, սոցիալական իրավիճակին, կրթությանը, բացարձակապես ամեն ինչին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այն, ինչ ձեռք ես բերել, հետագայում զարգանա»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Կառավարության անդամներին նման արդյունքի համար: