Եթե այն, ինչ տեղի է ունենում Իրանում, նորություն է ձեզ համար, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ: Այս իրավիճակը տարիներով է զարգանում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին:
Ավելի վաղ պատգամավորը մեջբերում էր արել Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ 2026 թվականի զեկույցից, որտեղ նշվում է, որ Իրանում անկայունությունների աճն է՛լ ավելի կընդլայնի Հայաստանի անվտանգային ռիսկերը:
Փաշինյանը տեղեկացրեց՝ միայն Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում չի, որ նշվում է Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին, տասնյակ ուրիշ զեկույցներ էլ կան:
«Իհարկե, մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում և դրա շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար: Արտահայտել ենք, արտահայտում ենք:
Մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք Անվտանգության խորհրդի նիստ ունեցել: Այս նույն շաբաթ (պատերազմական գործողություններ սկսվելու շաբաթվա մասին է խոսքը - խմբ.) ՀՀ պաշտպանության նախարարն այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Արտաքին հետախուզության ծառայությունն է զեկույց [ներկայացրել]: Անվտանգության խորհրդի ներքո բավականին երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ. դա երեկ չի ստեղծվել, նախորդիվ չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել, և այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ամիսներ շարունակ ամենօրյա ռեժիմով գործում է:
Հետևաբար հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչո՞ւ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես»,- ասաց նա, ապա անդրադառնալով պատգամավորի դիտարկմանը, թե պատերազմի մեկնարկի օրն իշխող թիմը մարզային հանդիպում էր ունենում, ընդգծեց՝ չի տեսնում պատճառ, որ ՀՀ կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի:
«Մենք ինստիտուցիոնալ երկիր ենք, և, այո՛, Արտաքին հետախուզության ծառայությունն իր գործն է անում, մնացածն իր գործն է անում, և մեր պետական ինստիտուտները, փառք Աստծո, աշխատում են: Դա շատ կարևոր ձեռքբերում է»,- ասաց նա: