Մեր գործընկերներին մանրամասն տեղյակ պահեցի, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, և թե մասնավորապես ինչ է տեղի ունենում TRIPP ներդրումային նախագծի շուրջ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, նաև որոշակի տեղեկություններ փոխանցեցի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և Եվրամիության հարաբերություններին:
«Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների համատեքստում Վրաստանը շատ կարևոր գործընկեր է, և այս թեմայով էլ մենք որոշակի քննարկումներ ունեցանք: Հույս ունեմ, որ մենք այստեղ էլ կկարողանանք համագործակցել, այստեղ էլ կկարողանանք որոշակի արդյունքներ արձանագրել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքական երկխոսությանը, ապա, ըստ Փաշինյանի, այն կա և մնում է շատ ակտիվ. «Մենք խնդիր ունենք տեսնելու, թե որտեղ կարող ենք համագործակցել՝ մարտահրավերներն առավել արդյունավետ կառավարելու և հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու համար»: