Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության միջոցառումներն այժմ «անօրինական» են՝ հայտարարել է վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 2-ին՝ հեռուստաելույթում։
Նրա խոսքով՝ «Հըզբոլլահ»-ի զինյալները պետք է զինաթափվեն։ Վարչապետը մտադիր է «Հըզբոլլահ»-ի գործունեությունը սահմանափակել «միայն քաղաքական ոլորտով»։ Լիբանանի կառավարության որոշմամբ՝ շիա խմբավորման կարգավիճակը դիմադրության շարժումից փոխվում է ապօրինի ռազմականացված կազմավորման, նշել է dpa-ն։
Այն ընդունվել է, երբ Իրանի աջակցությունը ստացող «Հըզբոլլահ» խմբավորումը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին՝ «վրեժ լուծելով» Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության համար։ Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հրթիռներից մեկը խոցվել է, իսկ մի քանիսն ընկել են բաց տարածքներում։
Իսրայելն էլ պատասխան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որոնք վերահսկում է «Հըզբոլլահ»-ը: Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լիբանանում ցամաքային գործողություն սկսելու անմիջական ծրագրեր չկան, իսկ ՊՆ ղեկավար Իսրայել Կացն էլ X սոցիալական ցանցում գրել է, որ իրենց թիրախը «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Շեյխ Նաիմ Քասեմն է: