Ջրային գրաֆիկի փոփոխոթյունը մեզ հետ համաձայնեցված չի եղել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության կայացրած որոշմանը, համաձայն որի՝ Երևանի և մի քանի մարզերի որոշ հասցեներում ջրային գրաֆիկի 24-ժամյա ռեժիմը փոխվել էր:
Ըստ Արամազդ Ղալամքարյանի՝ ՀՀ-ն ունի սահմանափակ ջրային ռեսուրսներ հատկապես ամառվա պիկ ամիսներին, և «Վեոլիա Ջուրը» չի խաբում, երբ ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չի կարողանում ապահովել: Հարցն այն է, թե այդ ջրանջատումների տևողությունն ինչպիսին պետք է լինի:
«Նույն ժամանակացույցը 3 փողոցների տարբերությամբ հրապարակվել է նաև անցյալ տարվա նոյեմբերին: Այսպիսի աղմուկ չի եղել, այսպիսի աժիոտաժ չի եղել»,- ասաց նա՝ նշելով, որ ընդամենը 3 հասցեի փոփոխություն է եղել նախորդ տարվա գրաֆիկի համեմատությամբ:
Ջրային կոմիտեի նախագահը կարծում է՝ «Վեոլիա Ջրի» հետ կապված խնդիրն այն է, որ այդ ժամանակացույցը կարելի է լավարկել: Օրինակ՝ ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, ավելի լավ ռեժիմով ջրամատակարարումներ, այսինքն՝ լինեն ժամերի փոփոխություններ:
Միևնույն ժամանակ Արամազդ Ղալամքարյանը նկատում է՝ եթե ջուրը բավարար լիներ, «Վեոլիա Ջուրը» գրաֆիկի փոփոխություն չէր անի: Այս պահին ջրի կորուստները միջինացված 45 տոկոս են կազմում, նաև վերջին 5-6 տարիների ընթացքում ջրաղբյուրներում ջրի՝ 24 տոկոս նվազում կա: Դրան զուգահեռ՝ Երևանում տնտեսութունն աճում է, կա կառուցապատման ահռելի բարձր տեմպ, շատ մեծ թվով նոր բաժանորդներ: 6000 նոր բաժանորդ եղել է 2020 թվականին, 8700 նոր բաժանորդ՝ 2025 թվականին:
«Ի՞նչ է տեղի ունենում ամառվա ամիսներին: Դեպի Երևան մղվող ջրի խողովակաշարերի մերձակա գյուղերի բնակիչները սկսում են ոռոգում իրականացնել խմելու ջրով, դրա համար խմելու ջուրը չի բավարարում»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է ջրային գրաֆիկի փոփոխությանը, Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրեց. «Ջրանջատումներ լինելու են, բայց չեն լինելու այն ռեժիմներով, որոնք հայտարարեց «Վեոլիա Ջուրը», լինելու են ավելի լավարկված ռեժիմներով: Երկու շաբաթ ժամանակ տվեք, և մենք կասենք»:
Նա նաև տեղեկացրեց՝ որոշակի ժամերի, այնուամենայնիվ, անջատումներ կլինեն, բայց աշխատանք է կատարվում, որպեսզի անջատումները չլինեն գիշերվա 12:00-ից մինչև առավոտվա 07:00-ն, այլ լինեն, օրինակ, 02:00-05:00-ը:
Հիշեցնենք՝ երեկ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ:
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ գրաֆիկները հրապարակվում են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների։ Ընկերության հաղորդմամբ՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և նոր սպառողների թվի աճով։ Նշվում էր նաև, որ ներդրումային ծավալների եռապատկումը միտված է ջրի ֆիզիկական կորուստների կրճատմանը և առաջիկա տարիներին Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը։ Ընկերությունը վստահեցնում է, որ վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չեն խախտվել։
Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։