Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշման նախագիծը:
Նախարարը հիշեցրեց՝ Ազգային ժողովը 2025 թվականին ընդունել էր մի նախագիծ, որի համաձայն՝ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը:
Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ չհարկվող եկամուտները: Սահմանվել է նաև՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:
Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներ և շեմեր:
«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 մլն դրամը ներառյալ, անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը ու դրամական միջոցները և այլն»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն: Նրանք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար 2026 թվականին, եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ: