Տրամադրությունը մեր տարածաշրջանում փոխվում է։ Լարվածություն չկա, և մենք հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։
Այս մասին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:
«Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա, մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական քայlի վերածվի։
Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից և մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված։ Մենք հույս ունենք, որ Թրամփի ուղին կշարունակի իր ուղին Հայաստանի տարածքով, հետո Թուրքիայi տարածքով մինչև Եվրոպական միություն, դա է մեր նախագիծը և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։
Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին ևս, քանի որ շատ կարևոր է նշել, որ մեր հարևանները` Վրաստանը և Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին։ Կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր պետություններն արդեն զգում են խաղաղության օգուտները և համոզված եմ, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ տարածաշրջանը։
Մարդիկ երբեմն հարցնում են՝ ինչու և ինչպես Ադրբեջանի հետ այս խաղաղությունը հնարավոր դարձավ։ Ես, իհարկե, ասում եմ, որ ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության և նախաձեռնության գործոնը վճռորոշ եղավ, այդ հարցում կասկած չկա։ Կան նաև այլ գործոններ։
Կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ կարող է լինել ընդհանուր հայտարար ընդհանուր շահերի համար։ Այսինքն, մենք կարող ենք և պետք է հետաքրքրված լինենք մեկմեկու անկախության, ինքնիշխանության և պետականության ամրապնդմամբ»,- ասել է վարչապետը։