Քահանային տեսակետ հայտնելու համար ոչինչ չեմ ասել: Ես ասել եմ և շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով և կուսակցական պատկանելությամբ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինի մասնակցությամբ միջադեպին:
«Ի դեպ, ոչ միայն քահանաների, ցանկացած ոլորտում, որը չի ենթադրում քաղաքական հայեցողություն, պարտավոր են խտրականության չենթարկել մարդկանց:
Բոլոր քահանաները պետք է հիշեն, որ իրենք ծառայում են եկեղեցուն, ժողովրդին, ոչ թե Քոչարյանի և օլիգարխների շտաբում Քոչարյանին և օլիգարխներին»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, թե իշխանությունը եկեղեցու գործերին չի միջամտում:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը երեկ Սաղմոսավանք էր այցելել և պարզաբանումներ պահանջել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օշինից տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: