Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է հասնել նրան, որ Վաշինգտոնը Թեհրանից պահանջի դադարեցնել հրթիռային ծրագրի զարգացումը, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքում իրանական դաշնակիցների աջակցությունը: Այդ մասին հայտնում է թե Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նրանց տվյալով՝ Իսրայելը նաև հանդես է գալիս ուրանի հարստացման դադարեցման և առկա պաշարներն Իսլամական Հանրապետության սահմաններից դուրս հանելու օգտին: Ինչպես հայտնել է պարբերականի զրուցակիցը, Նեթանյահուն ցանկանում է իր դիրքորոշումը ներկայացնել անմիջապես Թրամփին:
«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազան, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, բայց, իհարկե, առաջին հերթին, Իրանի հետ բանակցությունները։ Ես նախագահ Թրամփին կներկայացնեմ կարևոր սկզբունքների վերաբերյալ մեր պատկերացումները»,- այս մասին Նեթանյահուն ասել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում:
Այս երկու պետությունները բազմիցս զգուշացրել են Իրանին, որ կրկին կհարվածեն, եթե Թեհրանը շարունակի իր հարստացման ու բալիստիկ հրթիռների ծրագրերը։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնի Բլեր Հաուսում արդեն հանդիպել է Սպիտակ տան գլխավոր խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: