Խորհրդարանը քննարկում է ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է նոր կարգավորումներ սահմանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:
«Մասնավորապես, երբ մենք խոսում ենք տեսալսողական մեդիահաղորդումների և տարատեսակ ծրագրերի մասին, պետք է ընդգծենք, որ մի քանի շերտեր են առկա՝ հանրային մուլտիպլեքս, ցանցային օպերատորներ կամ ավելի պարզ՝ կաբելային հեռուստաալիքներ, համացանցային տիրույթ և այլն»,- ասաց Հայրապետյանը:
Ըստ նրա՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրությունը, որը ընդունվել է 2020 թվականի հուլիսին, հիմնականում կարգավորում է հանրային մուլտիպլեքսի տիրույթը, իսկ մեր քաղաքացիները օրեցօր մյուս մակարդակներում են ավելի շատ որոնում մեդիաքոնթենտ, և այս նոր փոփոխություններով առաջարկվում է, որ այն կարգավորումները, որոնք գործում են հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, հետայսու պետք է տարածվեն նաև ցանցային օպերատորների վրա:
«Այսինքն՝ կաբելային հեռուստաալիքների պարագայում ևս այդ կարգավորումները պետք է տարածվեն»,- ասաց ԲՏԱ նախարարը՝ հավելելով, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է օտարերկրյա տիրույթներում, սակայն Հայաստանում ցանցային օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքներում ՀՀ-ի ներքաղաքական կյանքին միջամտող հեռուստաբովանդակությունը կարգավորելուն:
Նա հայտնեց, որ այդ պարագայում իրենք այլ կարգավորում են նախատեսում, այսինքն՝ կարգավորող մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հնարավորություն կունենա սանկցիա կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ այն պարագայում, եթե արձանագրվեն առերևույթ խախտումներ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու տեսանկյունից, որի՝ վարույթը հարուցվելու պարագայում ցանցային օպերատորը պետք է տվյալ հաղորդումը այլևս չհեռարձակի մինչև այն պահը, երբ վերջնական որոշումը կայացված կլինի:
«Դրանք չիրականացնելու պարագայում պատասխանատվության ենթակա սուբյեկտ կհամարվի ցանցային օպերատորը: Սահմանել ենք ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման և դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները»,- հայտնեց Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկել են փոփոխություններ կատարել նաև տուգանքների մեջ:
Հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար Մխիթար Հայրապետյանը նշեց՝ բոլոր կարգավորումները վերցված են դեռևս 2010 թվականից գործող Եվրոպական միության համապատասխան՝ տեսալսողական մեդիաոլորտը կարգավորող եվրադիրեկտիվներից՝ հնարավորինս մեղմ ձևաչափով: