Երևանում անցկացվել է Հայաստան–ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցի շրջանակում և միտված է երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության խորացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցի շրջանակում կազմակերպված այս միջոցառումն արտացոլում է երկու երկրների միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը՝ միտված առաջատար տեխնոլոգիաների և նորարարության զարգացմանը:
Հայաստանը վստահելի տեխնոլոգիական գործընկեր է Միացյալ Նահանգների համար՝ իր ինժեներական ներուժով, նորարարական միջավայրով և զարգացած տեխնոլոգիական ենթակառուցվածքներով՝ ամպային լուծումներից մինչև արհեստական բանականություն։
Իմ ելույթում նշել եմ, որ Հայաստանը նպատակային և վճռական քայլեր է ձեռնարկում տեխնոլոգիաների և նորարարության իր օրակարգն առաջ մղելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, ընդգծել եմ, որ մենք հստակ գիտակցում ենք՝ այս ոլորտում կայուն առաջընթացը հնարավոր չէ մեկուսացված պայմաններում։ Այդ իսկ պատճառով առանձնահատուկ կարևորություն է տրվում Միացյալ Նահանգների կառավարության, ինչպես նաև ամերիկյան առաջատար մասնավոր ընկերությունների և հաստատությունների հետ համագործակցության ընդլայնմանը։
Ներկայացրել եմ Հայաստանը «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ» դարձնելու մեր տեսլականը, որն աստիճանաբար դառնում է իրականություն։ Այս համատեքստում մենք ակտիվորեն աշխատում ենք Firebird նախագծի կյանքի կոչման ուղղությամբ՝ հզորացնելով համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների՝ Dell-ի և NVIDIA-ի ներկայությունը մեր երկրում։
Այս գագաթնաժողովը կազմակերպվել է հստակ նպատակով՝ խորացնել գործընկերությունները, համահունչ դարձնել առաջնահերթությունները և անցնել երկխոսությունից հստակ համագործակցության։
ԲՏԱ նախարարության նախաձեռնած այս միջոցառմանը մասնակցեցին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱՄՆ փոխնախագահի պատվիրակության անդամներ, երկու երկրների տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ:
Շնորհակալ եմ բոլորին վստահության, ներկայության և այս գագաթնաժողովը իրականություն դարձնելու համար»,- գրել է ԲՏԱ նախարարը: