Մենք այսօր շատ խոսեցինք, թե ինչպես կարող ենք արագացնել գործերի ընթացքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը։
«Պարոն վարչապետը նույնպես շահագրգռված է, որ հնարավորին չափ արագ շարժվենք, քանի որ տնտեսական բարգավաճումը լավ է և խաղաղության համար, և բարգավաճման։ Իհարկե, Միացյալ Նահանգները կառուցողական և դրական դեր է խաղալու, բայց իմ կարծիքով՝ փողը չի խնդիրը, շատ հետաքրքրվածություն կա, շահագրգռվածություն կա աշխարհով մեկ։
Մարդիկ, համոզված եմ, ներդնելով Հայաստանում բավականին շահույթ կարող են ստանալ»,-նշել է Վենսը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին, ԱՄՆ փոխնախագահը ասել է․ «Նա մի անձնավորություն է, որ ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել։ Բնական է, մի օրում, մի գիշերվա ընթացքում սա չի լինելու, բայց կարող ենք օգոստոսի 8-ից մինչև օրս շատ մեծ առաջընթացն արդեն արձանագրել»։
Իր հերթին ՀՀ վարչապետն է շնորհակալություն հայտնել նրան՝ ընգծելով ԱՄՆ փոխնախագահի առանձնահատուկ դերը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում։
«2025 թվականի փետրվարի 7-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը և մեր շատ բովանդակալից զրույցը և քննարկումը հետագա իրադարձությունների համար ունեցավ առանցքային նշանակություն: Ընդ որում, ես պարոն փոխնախագահին հատուկ շնորհակալություն հայտնեցի: Ինչի՞ համար, որովհետև այդ հանդիպման օրերին Սպիտակ տունը դեռ տրանսֆորմացիայի փուլում էր, ես ենթադրում եմ, որ նույնիսկ պարոն փոխնախագահը չէր հասցրել լիարժեք տեղավորվել այդ աշխատանքային միջավայրում, և շատ բարձր եմ գնահատում այն, որ ինքը այդ պայմաններում կարևոր համարեց այդ խոսակցությունը, և մենք հանգիստ, հանդարտ, բավականին երկար և մանրամասն քննարկեցինք այն հնարավորությունները, օրակարգը, որ կարող է հասցնել այսօրվա կետին։
Երբ ես վերադարձա Հայաստան, ազդակները, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը արդեն տվել է համապատասխան հանձնարարականներ, ինձնից շուտ հասել էին Երևան, և սա, իհարկե, պատասխանատվության և պրոֆեսիոնալիզմի մի առանձնահատուկ դրսևորում է, ինչի համար ես, իհարկե, իմ գնահատանքի խոսքերը և հարգանքի հավաստիքը պարոն փոխնախագահին արտահայտել եմ»։