Կանադան առաջին անգամ բացում է իր դիվանագիտական ներկայացուցչությունը Գրենլանդիայում՝ գրել է BBC-ն և նշել, որ այդ քայլը կղզու ժողովրդի հետ համերաշխության կարևոր դրսևորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին, որը հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մտադրության մասին:
Ուրբաթ կանադացի բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը, այդ թվում՝ գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնը և արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը, մեկնել են Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ Կանադայի հյուպատոսության պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու: Այդ ընթացքում քաղաքի նավահանգստում է լինելու կանադական առափնյա պահպանության նավը:
Կանադական պատվիրակության այցը համընկնում է ֆրանսիացի պաշտոնյաների՝ կղզի այցի հետ, որոնք նույն օրը՝ փետրվարի 6-ին, բացել են իրենց հյուպատոսությունը Գրենլանդիայում:
Կանադայի և Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունների բացումը կղզու համար պատմական իրադարձություն է՝ միջազգային համագործակցության նշանակալի ընդլայնում: Մինչ այդ Գրենլանդիայի տարածքում կային միայն Իսլանդիայի և ԱՄՆ-ի հյուպատոսություններ, հայտնել է BBC-ն: