Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, որը ներառում է ռուսական նավթի ծովային փոխադրման լիակատար արգելք, «ստվերային նավատորմի» դեմ ընդլայնված պատժամիջոցներ և ֆինանսական ծառայությունների ու առևտրի նկատմամբ միջոցառումներ։
«Մենք ցուցակում ավելացնում ենք «ստվերային նավատորմի» ևս 43 նավ, որոնց ընդհանուր թիվը հասնում է 640-ի։ Մենք նաև բարդացնում ենք Ռուսաստանի համար «ստվերային նավատորմի» օգտագործման համար լցանավերի ձեռքբերումը և ավելացնում ենք լայնածավալ արգելքներ հեղուկացված բնական գազի լցանավերի և սառցահատների տեխնիկական սպասարկման ու այլ ծառայությունների մատուցման համար՝ էլ ավելի խաթարելու գազի արտահանման նախագծերը»,- հայտարարել է Ֆոն դեր Լայենը:
Բացի այդ, նախատեսվում են «մետաղների, քիմիական նյութերի և կարևորագույն հանքանյութերի ներմուծման նոր արգելքներ, որոնք դեռևս պատժամիջոցների տակ չեն հայտնվել, և որոնց արժեքը գերազանցում է 570 միլիոն եվրոն»։
Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ԵՄ երկրներին արագ հաստատել նոր պատժամիջոցները։ Այդ միջոցառումների ընդունումը սպասվում է փետրվարի 24-ին: