Չինաստանի հետ Ադրբեջանի համապարփակ ռազմավարական գործընկերությունը համագործակցության երկարաժամկետ, բազմակողմանի և փոխշահավետ հիմք է: Այդ հարաբերությունների խորացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է` Global Times չինական թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Չինաստանին դիտարկում է որպես իր կարևոր տնտեսական գործընկերներից մեկը։ Միևնույն ժամանակ, Բաքվի համար ռազմավարական նշանակություն ունի իր տրանսպորտային ենթակառուցվածքը և տարանցիկ ներուժը Չինաստանի կողմից աջակցվող կապերի հաստատման նախաձեռնություններին համապատասխանեցնելը, Միջին միջանցքի ամրապնդումը՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև հուսալի կապուղի:
Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ Նախիջևանի հետ կապի ապահովումը դիտարկվում է որպես միջազգային տարանցիկ հնարավորությունների ընդլայնման գործոն։ Նրա համոզմամբ՝ ապագայում այդ երթուղին կնպաստի տարածաշրջանային խաղաղության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը։
Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանը չի ճանաչում Թայվանի անկախությունը և միանշանակ պաշտպանում է մեկ Չինաստանի սկզբունքը: Թայվանի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը, ըստ դիվանագետի, հետևողական է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա։