Սպայական կազմի զինծառայողներն ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարան, բնակելի տուն: Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին ՊՆ-ի կողմից: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը:
«Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանպահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում:
Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ բնակարանի տրամադրման ծրագիրը գործում էր, պարզապես կարգն է փոխվել: Լավարկման արդյունքում վերոնշյալ առավելություններն են առաջարկվել, այսինքն՝ գույքը ձեռք չի բերվելու ՊՆ-ի կողմից մրցույթ հայտարարելու միջոցով, որ կառուցապատողները գան, մասնակցեն: Հնարավորություն է տրվելու, որ զինծառայողն ինքն իր ընտրոթյունը կատարի:
Փոխվել է նաև այն կարգավորումը, ըստ որի անշարժ գույք պետք էր ձեռք բերել միայն Երևանում: Նոր կարգավորմամբ Երևանում ձեռք բերելու համար գումար է տրամադրվում 35 մլն դրամի չափով, սակայն ընտրությունը մնում է զինծառայողինը, թե որտեղ այդ գույքը ձեռք կբերի և ինչ արժեքով: