ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը փաստել է, որ երկար ընդմիջումից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ չկա երկխոսության միջոցով չլուծվող որևէ հարց:
Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Հակոբ Արշակյանը ողջունել է Բուդապեշտում Հայաստանի և Երևանում Հունգարիայի մշտական դեսպանատների բացումը: Այս համատեքստում ընդգծվել է խորհրդարանական համագործակցության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:
Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան կաջակցի այդ գործընթացին:
ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է նաև տարածաշրջանային իրադրությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող խաղաղության գործընթացը: Այս համատեքստում նա անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրին, նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և ԹՐԻՓՓ նախագծին: «Խաղաղության և համագործակցության խթանման պետական քաղաքականության գաղափարն ամրապնդվեց այս տարվա հունվարի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ` մասնակցեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը: Ուրախալի է, որ այս կարևոր հարթակին մասնակցում է նաև Հունգարիան»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Կարևորելով Ադրբեջանում ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց վերադարձը հայրենիք՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը. 2021 թվականի դեկտեմբերին Հունգարիայի կառավարության աջակցությամբ Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:
Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը եւս անդրադարձել է երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Իշտվան Յակաբն իր հերթին կարևորել է խաղաղության գործընթացը, նշել, որ դրան այլընտրանք չկա: Նրա խոսքով Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին և կողմ է վիզաների ազատականացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության խորացմանը, մի շարք այլ ոլորտներում կապերի խթանմանը: Ընդգծվել է հունգարահայ համայնքի դերակատարությունը երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման առումով: