Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանը աննախադեպ պատասխան կստանա, եթե որոշի հարձակվել իր երկրի վրա։
Իրանին հարվածելու` ԱՄՆ-ի հնարավոր ծրագրերի վերաբերյալ Իսրայելի վարչապետը ասել է, որ դա Վաշինգտոնի որոշումն է։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «լիովին տեղեկացված են» Իրանի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան նավատորմը շարժվում է Իրան, միաժամանակ ընդգծել, որ Վաշինգտոնը հույս ունի ի վերջո համաձայնության հասնել Թեհրանի հետ։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանն էլ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին վստահեցրել է, որ Էր-Ռիադը թույլ չի տա, որ իր ցամաքային կամ օդային տարածքն օգտագործվի Թեհրանի վրա հարձակվելու համար։
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ ողջունում են ցանկացած գործընթաց, որը կանխում է պատերազմն ու հանգեցնում խաղաղության:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ աջակցել է և շարունակում է աջակցել ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է խաղաղության, հանգստության և հակամարտությունների ու պատերազմների ավարտի՝ միջազգային իրավունքի շրջանակներում և երկրի ու նրա ժողովրդի իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքով»։