Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
«Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից մեկն է։ Գարեգին Բ-ն Սարոյանին ավելի վաղ
ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս որոշման դեմ Գևորգ սրբազանը
հայցադիմում էր ներկայացրել դատարան։
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: